Դիմորդ 2019


28.12.2018 00:12

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

2018թ.  մեր հայրենիքի, պետության, ժողովրդի, մեր ընտանիքների և բոլորիս համար բեկումնային տարի էր՝ լեցուն ոգևորության, համախմբման,  պոռթկման, ձեռքբերումների և հաղթանակների խելացնոր բերկրանքով:

Շուտով թևակոխելու ենք նոր հույսերի, երազանքների, ակնկալիքների ժամանակաշրջան, որոնք, անշուշտ, իրականություն ենք դարձնելու մեր աշխատասիրության և կամեցողության շնորհիվ՝ օրեցօր անորոշ ապագան դարձնելով ցանկալի ներկա:

Այս կյանքում մեզ ոչինչ պատահական չի տրվում: Ամանորը տրված է, որ մենք նորը դիմավորելու, նորով ապրելու քաջություն ու պատրաստակամություն ունենանք: Ուստի կամենում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը գնահատի ու արժևորի ամբողջ մարդկությանը շնորհված այս խորհուրդը:

Մաղթում եմ, որ տարվա յուրաքանչյուր օրվա արշալույսին քնից արթնանաք ապագայի հանդեպ հույսով, հավատով և եռանդով,  տարվա ընթացքում անդադար զգաք ձեզ շրջապատող մարդկանց ջերմությունը, հարգանքը, հոգատարությունը, և դուք էլ սեր ու ջերմություն սփռեք ձեր շուրջ:

Յուրաքանչյուրիդ ցանկանում եմ իմաստություն՝ կյանքի դժվարին ճանապարհներն արժանապատվորեն հաղթահարելու համար, սկզբունքայնություն՝ ձեր դավանած արժեքների հանդեպ, ինչպես նաև բարեխիղճ ծառայություն ու նվիրվածություն ձեր գործին ու ուսմանը:

Նոր տարին ընտանեկան տոն է: Ուստի  ձեր ընտանիքի օջախը թող միշտ անմար  լինի:

Թեպետ Նոր տարին, անկախ մեր կամքից, գալիս է մեզ ընդառաջ, մաղթում եմ, որ յուրաքանչյուրդ գիտակցումով ու խորհրդածությամբ մոտենաք Ամանորի և Սուրբ ծննդյան իմաստալից հեռանկարներին:

Երջանկություն ու հաջողություն բոլորիդ:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ: