Նորություններ

Վերադառնալ
13.12.2016

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» թիմը միջբուհական դատախաղում գրավել է երկրորդ պատվավոր տեղը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» թիմը միջբուհական դատախաղում գրավել է երկրորդ պատվավոր տեղը

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպվել էր միջբուհական դատախաղ, որին մասնակցելու նախնական հայտ էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների 10 թիմեր, որոնց թվում էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» թիմը:

Թիմի կազմում էին կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորողներ Լևոն Անտանոսյանը, Յուրի Գասպարյանը, Գևորգ Հարությունյանը, Հովհաննես Մանուկյանը և մագիստրատուրայի առկա անվճար ուսուցման 1-ին կուրսի սովորող Նաիրա Շահինյանը: Թիմի ղեկավարն էր կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության մայոր Միսակ Մարկոսյանը:

 Կրթահամալիրի թիմը դատախաղի գրավոր փուլը հաղթահարած 6 թիմերից մեկն էր: Դատախաղի բանավոր փուլն անցկացվեց 2016 թվականի դեկտեմբերի 8-ից 10-ը, Աղվերանի «Արթուրս Ռեզորթ» հյուրանոցում:

 Դատախաղի բանավոր փուլի ժյուրիի կազմում էին Գերմանիայի Քյոլնի վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր և վերաքննիչ դատարանի 15-րդ մեծ պալատի նախագահ, դոկտոր Յան Ֆ. Օրթը, Գերմանիայի «Joester und Partner» փաստաբանական գրասենյակի քրեական գործերով մասնագիտացված փաստաբան Էրիխ Յոսթերը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը:

Դատախաղի բանավոր փուլում կրթահամալիրի «Օրենքի պատվար» թիմը նախ որպես պաշտպանության կողմ մրցեց Երևանի պետական համալսարանի թիվ 2 թիմի հետ, այնուհետև` որպես մեղադրանքի կողմ մրցեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմի հետ: Այդ երկու հաջող խաղերի արդյունքում, ժյուրիի միաձայն որոշմամբ կրթահամալիրի «Օրենքի պատվար» թիմն անցավ դատախաղի եզրափակիչ փուլ: Եզրափակիչ փուլում որպես պաշտպանության կողմ մրցելով Երևանի պետական համալսարանի թիվ 1 թիմի հետ` կրթահամալիրի «Օրենքի պատվար» թիմը գրավեց երկրորդ պատվավոր տեղը:   

Կրթահամալիրի «Օրենքի պատվար» թիմը ժյուրիի որոշմամբ արժանացավ «Դատախաղի բանավոր փուլում լավագույն մեղադրանքի ներկայացում» հատուկ մրցանակի, իսկ թիմի անդամ Նաիրա Շահինյանն արժանացավ ՀՀ գլխավոր դատախազության կողմից շնորհված`«Լավագույն մեղադրական ճառ» անհատական հատուկ մրցանակի: