Դիմորդ 2017


13.04.2017 00:04

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

2017թ. ապրիլի 12-ին տիեզերագնացության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի մի շարք սովորողներ այցելեցին Երևանի տիեզերքի թանգարան: Նրանք ջերմ ընդունելության արժանացան թանգարանի խորհրդի նախագահ,  պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և խորհրդի անդամներ Աշոտ Զախարյանի և Կարեն Բայրամյանի կողմից, որոնք հանգամանորեն ներկայացրին թանգարանի ցուցանմուշները և սովորողներին պատմեցին ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս, աստղագետ, միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գրողների միության և նկարիչների միության անդամ Գրիգոր Գուրզադյանի մասին: Սովորողներն իմացան, որ Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ ստեղծվել և տիեզերք են արձակվել ժամանակի առավել կատարյալ գիտական սարքավորումներ, նրա գլխավորությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության կենտրոնում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել խորհրդային ավելի քան   40 տիեզերագնացներ: Սովորողները հնարավորություն ունեցան տեսնելու նաև տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներ` ստեղծված Հայաստանի մասնագետների կողմից, տիեզերքից վերադարձած վայրէջքային սարք, տիեզերքում եղած այլ սարքավորումներ, ՕՐԻՈՆ-2 աստղադիտարանի պատճենը և այլն:             Թանգարանում  ներկայացված են նաև նախաթռիչքային պատրաստում անցած խորհրդային տիեզերագնացներին,  «ВОСТОК», «СОЮЗ»  տիեզերանավերի ճարտարագետներին, գիտնականներին, նաև NASA-ին առնչվող նշանակալից փաստեր: Թանգարանի առավել հետաքրքիր նմուշներից է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հանս Բեթեի միջուկային զենքի ձեռագիր հոդվածը, որը գրվել է Գրիգոր Գուրզադյանի հետ միասին:

Ներկայացվեցին նաև Գրիգոր Գուրզադյանի որդի պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի ղեկավարությամբ միջազգային տիեզերական ծրագրերում հայ մասնագետների մասնակցության վերաբերյալ հետաքրքրական նյութեր:

Սովորողներն զգացին տիեզերական վաղ դարաշրջանի շունչը` դիպչելով տիեզերքից վայրէջք կատարած սարքերին:

Սա հիրավի հպարտության և ազգային արժանապատվության բարձրացման դաս էր ապագա ոստիկանների համար:

Վերջում կրթահամալիրի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին թանգարանի ղեկավարությանը ջերմ ընդունելության և արժեքավոր տեղեկությունների համար: