Դիմորդ 2019


16.11.2012 00:11

Կրթահամալիրը` գիտական կենտրոն

Կրթահամալիրը` գիտական կենտրոն

Ոստիկանության կրթահամալիրն այսօր ոչ միայն ուսումնական, այլև գիտական կենտրոն է: Մասնավորապես, վերջին երեք տարիներին հրատարակվել են երեք տասնյակից ավելի ուսումնամեթոդական ու գիտամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, հարյուրից ավելի գիտական հոդվածներ:

Կրթահամալիրի դասախոսական կազմից տասնվեցը գիտության թեկնածուներ են, որոնց հիմնական մասը հենց կրթահամալիրի կադրեր են:
Կրթահամալիրի ղեկավարությունը կարևորում է նաև կրթօջախում գիտաժողովների կազմակերպումը, որին մասնակցում են նաև իրավապահ այլ կառույցների, բուհերի ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ:
Նոյեմբերի 9-ին ոստիկանության կրթահամալիրում անցկացված «Մինչդատական վարույթի բարեփոխումները» խորագրով գիտաժողովն այդ շրջանակներում էր: Գիտաժողովին մասնակցում էին կրթահամալիրի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության, դատախազության, դատական համակարգի, փաստաբանական պալատի ներկայացուցիչներ, մի շարք բուհերի դասախոսներ և ուսանողներ:
Դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Եսայանը նշեց, որ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի՝ նման ձևաչափով քննարկումը նպատակ ունի նպաստել հանրային լսումների ձևավորման գործընթացին:
Նա նաև նշեց, որ գիտաժողովի թեմայի ընտրությունը պատահական չէր. օրենսգրքի նախագծում ամրագրված նախաքննության և հետաքննության ոլորտների բարեփոխումներն անմիջականորեն կապված են ոստիկանության քննչական և օպերատիվ ծառայությունների գործառույթների հետ:
Գիտաժողովի մասնակիցները բարձր գնահատելով ոստիկանության կրթահամալիրի նախաձեռնությունը՝ հանդես եկան մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում էին ինչպես օրենսդրական դաշտի բացթողումների վերացմանը, այնպես էլ մինչդատական վարույթի բարեփոխումներին: