Նորություններ

Վերադառնալ
27.03.2015

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻԱԿ ԲԱՆԱՁԵՎԸ ԴՐԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՆ Է

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻԱԿ ԲԱՆԱՁԵՎԸ ԴՐԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՆ Է

2015թ. մարտի 27-ին Ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված հերթական միջոցառումը. սպայական անձնակազմի և սովորողների համար ցուցադրվեց ամերիկյան հայտնի կինոռեժիսոր, Էմմիի մրցանակակիր Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը:

Միացյալ Նահանգներում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Թուրքիայում և Սիրիայում նկարահանված այս ֆիլմն ուսումնասիում է առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ կատարված ցեղասպանությունը:

Ֆիլմում ներկայացված են հարցազրույցներ այնպիսի առաջատար մասնագետների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան, պուլիցերյան մրցանակակիր Սամանտա Փաուերը և ամերիկահայ գրող, հրապարակախոս Ռաֆայել Լեմկինի մրցանակակակիր Փիթեր Բալաքյանը:

Ներկայացված են նաև ժամանակակից Թուրքիայում ապրող թուրքեր և քրդեր, որոնք բացահայտորեն պատմում են իրենց ծնողներից և նախնիներից լսած պատմություններ ցեղասպանության մասին:
Ֆիլմում խոսում են նաև առաջադեմ թուրք մտավորականներ, որոնք հալածվում են Թուրքիայի կառավարության կողմից՝ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար:
Այս փաստավավերագրական ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2006թ. ապրիլի 17-ին ամերիկյան PBC, այնուհետև շատ այլ հեռուստաալիքներով և արժանացել է Էմմիի մրցանակի:
Ֆիլմին դրականորեն են արձագանքել Wall Street Journal, New York Times, Los Angeles Times, Boston Globe,  Washington Post  և այլ ամերիկյան պարբերականներ:
Ֆիլմի տեքստը կարդում են հոլիվուդյան դերասաններ Օռլանդո Բլումը, Էդ Հարիսը, Լորա Լինին, Ջարեդ Լետոն, Ջուլիանա Մարգուլիսը և Նատալի Պորտմանը:
Ֆիլմի ցուցադրումից առաջ կրթահամալիրի սովորողներին հանձնարարվեց գրել շարադրություն «Հայոց մեծ եղեռնը» վերնագրով:
Հարգե´նք Հայոց մեծ եղեռնը ճանաչած երկրները, դատապարտե´նք մերժողականությունը և պահանջե´նք աշխարհից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ ցեղասապնությունների կանխարգելման միակ բանաձևը դրանք ճանաչելն է: 


ՀՀ ոստիկանության կրթահամալիր