Դիմորդ 2019


17.06.2019 00:06

Կրթահամալիրի դասախոսներն ու սովորողները հյուրընկալվել էին ՈԱԱԿ 10-ամյակի համաժողովին

Կրթահամալիրի դասախոսներն ու սովորողները հյուրընկալվել էին ՈԱԱԿ 10-ամյակի համաժողովին

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն իր հիմնադրման 10-ամյակի առթիվ հայտարարել է որակի տարի, և այս համաժողովը ՈԱԱԿ-ի 10-ամյակի միջոցառումներից մեկն էր։

Ինչպե՞ս մոտիվացնել դասախոսին և ուսանողին, արդյունավետ պլանավորել ուսանողի առաջընթացը և ապահովել շնորհած որակավորումների արժանահավատությունը։ Այս հարցերն էին հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցած «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համաժողովի առանցքում։

Համաժողովի կազմակերպիչը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն էր (ՈԱԱԿ), որը մեկտեղել էր հավաքել ուսանողներին, դասախոսներին, կրթության որակի ապահովման մասնագետներին՝ կրթական համակարգի արդիական խնդիրները քննարկելու և լուծման որոշակի մոտեցումներ ուրվագծելու համար։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի առաջատար մասնագետներ, դասախոսներ, ամբիոնի պետեր։ Համաժողովի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց ուսանողի առաջընթացի պլանավորման հաջողված փորձը, Կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը և Կրթության որակի ապահովման բաժանմունքի առաջատար մասնագետ Արուսյակ Գևորգյանն առաջադրեցին թեմատիկ հարցեր, որոնց վերաբերյալ տեղի ունեցան արդյունավետ քննարկումներ։

ՈԱԱԿ 10-ամյակի միջոցառումները շարունակական են լինելու և  կամփոփվեն հոկտեմբերին՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ ընդհանուր համաժողովով, որը տեղի կունենա Երևանում։