Դիմորդ 2019


03.09.2019 00:09

Հերթական հանդիպումը կրթահամալիրի սովորողների հետ

Հերթական հանդիպումը կրթահամալիրի սովորողների հետ

Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանի, ակադեմիայի ղեկավարության և իրավագիտության ֆակուլտետի վճարովի և անվճար հիմունքներով սովորողների հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կրթահամալիրի պետն անդրադարձավ մի շարք խնդիրներին, սովորողների՝ նախկինում առաջադրած հարցերին և դրանց լուծման ուղիներին՝ մասնավորապես նշելով.

-Հարգելի՛ սովորողներ, հարգելի՛ առաջին կուրսեցիներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Ձեզ հետ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ավանդույթ է դարձել ներկայացնել նախորդ կիսամյակում կատարված այն աշխատանքները, որոնք անմիջապես ձեզ են վերաբերում կամ անմիջական կապ ունեն ձեր ուսումնառության հետ։ Այդ ամենը բխում է կրթահամալիրում որդեգրված ուսանողակենտրոն քաղաքականությունից, որի նպատակն է սովորողին անմիջական մասնակից դարձնել կրթահամալիրում տեղի ունեցող բոլոր գործընթացներին։

Այնուհետև կրթահամալիրի պետը հավելեց, որ 2018-2019թթ. երկրորդ կիսամյակի ընթացքում կրթահամալիրը, ի թիվս այլ աշխատանքների, մշակել և գիտական խորհրդի կողմից հաստատել է հետևյալ փաստաթղթերը. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման կանոնակարգ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների իրավունքների և պարտականությունների ուղեցույց, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սովորողների կարիքների վերհանման քաղաքականություն, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում լրացուցիչ խորհրդատվական գործունեության իրականացման կարգ, Կուրսային աշխատանքի պատրաստման և պաշտպանության կարգ։

Մ. Բաբայանը կարևորեց ուսանողների իրավունքների վերաբերյալ ուղեցույցն ու սովորողների կարիքների վերհանման քաղաքականությունը.

-Դրանք կօգնեն իրազեկվել ձեր իրավունքների, պարտականությունների մասին ու տեղեկանալ կրթահամալիրի ուսումնաօժանդակ ծառայություններին, որոնցից օգտվելու մեծ հնարավորություններ են տրված։ Մոտ ապագայում, ի թիվս այլ տպագրությունների,  ձեզ կներկայացվի «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողի ուղեցույցը», որն ամբողջական տեղեկատվություն կհաղորդի կրթահամալիրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Այնուհետև կրթահամալիրի պետն անդրադարձավ «Լավագույն սովորող» մրցույթի կազմակերպման և անցկացման կարգին, ինչպես նաև տեղեկացրեց, որ մեկնարկել է  մրցույթի համար հայտերի ներկայացման գործընթացը՝  հորդորելով ծանոթանալ կարգին ու համապատասխան ընթացակարգով ներկայացնել մրցույթի հայտերը։

 Մ. Բաբայանը հատուկ ուշադրություն դարձրեց կարգապահության պահպանմանը, կրթահամալիրի տարածքում միայն ծխելու համար հատկացված վայրերում ծխելու պահանջին, համազգեստի կրման կանոնների պահպանմանն ինչպես կրթահամալիրում, այնպես էլ կրթահամալիրից դուրս։

Անդրադարձ կատարվեց նաև դասերին չհաճախելու և սահմանված չափից ավել բացակայություն ունենալու հանգամանքին, որի արդյունքում մի շարք սովորողներ սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության, ընդհուպ՝ կրթահամալիրից հեռացման։

 Գոհունակություն հայտնելով ուսանողական խորհրդի աշխատանքների ակտիվացման դինամիկայից՝ Կրթահամալիրի պետը բարձրաձայնեց նաև այս կապակցությամբ ծագած խնդրահարույց հարցերը, շեշտեց այդ կառույցի դերի է՛լ ավելի բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կրթահամալիրում խնդիրների վերհանման կարևոր օղակ։ Առաջին կուրսի սովորողներին հորդորեց ուսանողական խորհրդի գործունեության շրջանակներում և դրանից դուրս ծավալել մշակութային, հասարակական ակտիվ գործունեություն։

Հանդիպման վերջում սովորողներն առաջադրեցին մի շարք հարցեր, արդյունքում՝ ծավալվեց ակտիվ քննարկում։