Դիմորդ 2019


12.11.2019 00:11

ՀՀ ոստիկանության պատմության թանգարանը 42 տարեկան է

ՀՀ ոստիկանության պատմության թանգարանը 42 տարեկան է

   ՀՀ ոստիկանության կրթահամալիրում նոյեմբերի 11-ին տոնական տրամադրություն էր․ ոստիկանության պատմության  թանգարանը  42 տարեկան է։

Միջոցառմանը ներկա էին Կրթահամալիրի ղեկավարությունը, ոստիկանության  վետերաններ, սովորողներ:

   Հանդիսության սկզբում ողջույնի խոսք ասեց թանգարանի առաջատար մասնագետ Դավիթ Հովսեփյանը, որը հանգամանալից ներկայացրեց թանգարանի անցած ուղին, ապա խոսքը փոխանցեց ՀՀ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ժորա Բարսամյանին,  իսկ վերջինս պատմեց իր հուշերը թանգարանի ստեղծման վերաբերյալ, ելույթ ունեցավ նաև թանգարանի նախկին առաջատար մասնագետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Արթուր Ծատուրյանը: Միջոցառումն ամփոփեց  Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ․ Եսայանը, որն ընդգծեց թանգարանի կարևորությունն ապագա սերունդներին հայրենասեր և պատվախնդիր դաստիարակելու գործում։ 

Հանդիսությունը վերածվեց գրական ցերեկույթի, երբ Կրթահամալիրի սովորողներն ասմունքեցին Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Համո Սահյանի բանաստեղծությունները:

    Իսկ վերջում Թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած ոստիկանության պաշտոնաթող գնդապետներ Ժորա Բարսամյանը և Էդիկ Չիբուխչյանն իրենց տպավորությունները գրանցեցին պատվավոր հյուրերի մատյանում:

    Միջոցառումը շարունակվեց նաև կրթահամալիրի տարածքում․ Կրթահամալիրի ռադիոցանցով հեռարձակվեց ՀՀ հանրային ռադիոյի հաղորդումը` նվիրված ոստիկանության պատմության թանգարանի 42 ամյակին: