Դիմորդ 2019


04.10.2019 00:10

Մինի ֆուտբոլի առաջնություն կրթահամալիրում

Մինի ֆուտբոլի առաջնություն կրթահամալիրում

2019 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի առաջնություն՝ ի հիշատակ ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Պետրոսյանի։ Մինչ եզրափակիչ խաղը՝ ընկերական հանդիպում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սպայական կազմի և Վարդան Պետրոսյանի ընկերներից կազմված հավաքականների միջև։ Հանդիպումը լարված էր և դիտարժան։ Հաղթեց Պետրոսյանի ընկերների թիմը։

Այնուհետև տեղի ունեցավ հուշամրցաշարի եզրափակիչ խաղը։ Եզրափակչում միմյանց հետ հանդիպեցին կրթահամալիրի ակադեմիայի 4-րդ կուրսի և քոլեջի 2-րդ կուրսի սովորողների թիմերը։ Երկու թիմերն էլ մարտական էին տրամադրված։ Վերջին րոպեին քոլեջի թիմը կարողացավ խփել հաղթական գոլը և տիրանալ փոխանցիկ գավաթին։

Հաղթող թիմին պարգևատրեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, գործարար, կրթահամալիրի բարեկամ-բարերար Ա. Թովմասյանը, կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանն ու մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Գրիգորյանը։