Դիմորդ 2019


24.12.2019 00:12

«Երազանքի թևերով» ճախրեցին կրթահամալիրի ստեղծագործողները

«Երազանքի թևերով» ճախրեցին կրթահամալիրի ստեղծագործողները

 «Յուրաքանչյուր ստեղծագործություն հեղինակի մտքի բյուրեղացումն է, նրա հոգու կարոտի հևքը, երազանքի թռիչքը․․․»,-«Երազանքի թևերով» նորաստեղծ ժողովածուի նախաբանում ընթերցողներին այսպես է դիմում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ռ․ Մուսաելյանը։ 

 2019թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ սովորողների և ծառայողների  ստեղծագործությունների  ժողովածուի գինեձոնի արարողությունը, որին մասնակցում էին Կրթահամալիրի ծառայողները, սովորողներն ու հյուրերը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանի գլխավորությամբ:

 Գինեձոնի արարողությունն սկսվեց Կրթահամալիրի պետի՝ ոստիկանության գեներալ-մայոր Բաբայանի բացման խոսքով։

Շնորհակալական խոսքով հանդես եկան գրքի համահեղինակներ՝ ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետի տեղակալ, ինքը և ուս. գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կ. Կիրակոսյանը, ակադեմիայի մագիստրատուրայի սովորող Ա. Մկրտչյանը և ակադեմիայի նախկին սովորող Գ. Ալեքսանյանը: Բանախոսներն իրենց երախտիքի խոսքը հղեցին Կրթահամալիրի պետին, լեզուների ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ռ. Մուսաելյանին և առաջատար մասնագետ Ա. Քոչարյանին՝ իրենց երազանքներին  թևեր  հաղորդելու  համար:

Հետաքրքիր էր «Երազանքի թևերով» ժողովածուի գինեօծման արարողությունը, որին հաջորդեցին ստեղծագործողների բանաստեղծությունների ու երգի կատարումներ: Սրահում տիրում էր աշխույժ և տոնական ջերմ մթնոլորտ։  Հոգեպարար երաժշտության ներքո ներկաները դիտեցին նաև  Կրթահամալիրի սովորողների  գեղանկարները, որոնք ստեղծվել են ժողովածուում տեղ գտած  ստեղծագործությունների մոտիվներով:          

Միջոցառման ավարտին մասնակիցներն  իրենց հետ տարան ոչ միայն  գեղեցիկ ու վառ տպավորություններ, այլև մեկական «Երազանքի թևերով» ժողովածու՝ համահեղինակի՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի «սիրով՝ առաջին ընթերցողին» մակագրությամբ: