Դիմորդ 2020


10.03.2020 00:03

Կին ոստիկանները Թբիլիսիում

Կին ոստիկանները Թբիլիսիում

Տարբեր երկրների դրոշներ, իրավապահ համակարգի տարատեսակ համազգեստներով կանայք և ջերմ գարնանային մթնոլորտ՝ հյուրընկալ Թբիլիսիում:

2020թ. մարտի 3-ից 6-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում էին Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի, Պակիստանի Իսլամական, Ալբանիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ղրղզստանի hանրապետությունների, Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կին ներկայացուցիչները, որոնց նպատակն էր ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բաժնի կողմից կազմակերպված «Կանայք ոստիկանությունում» 2020թ. ամենամյա համաժողովին մասնակցելը: Հայաստանը ներկայացնում էին ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կին ծառայողներ: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչներն էին քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Մարիամ Կարապետյանը և միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անի Ղուկասյանը:

Դասընթացի սկզբում ելույթի խոսքով հանդես եկավ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, ով շնորհավորեց գարնանային տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին:

-Ծրագիրը կանանց համար իրավապահ համակարգում իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները զարգացնելու և փոխանակելու կարևոր դեր ու նշանակություն ունի:

Մասնակիցներին ու կազմակերպիչներին շնորհակալական ուղերձ հղեց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը: Նա, մեկ րոպե լռությամբ հարգելով ծառայության ժամանակ զոհված կին ոստիկանների հիշատակը, ընդգծեց, որ  իրավապահ համակարգում կնոջ դերակատարությունն անչափ կարևոր է բռնություններն ու հանցագործությունները կանխելու համար, և կնոջ համար շատ ավելի դյուրին է շփումը հասարակության բոլոր ներկայացուցիչների հետ:   

Դասընթացի մյուս օրերին մասնակիցները ծանոթացան ԱՄՆ տարբեր նահանգներում ծառայող կին ոստիկանների փորձառությանը, հաջողության հասնելու նրանց օրինակին, լսեցին ամերիկացի փորձագետների դասախոսությունները հաղորդակցման, ղեկավարման հմտությունների, կին սպաների գործունեության, առաքելության և սկզբունքների մասին, նաև կատարեցին գործնական առաջադրանքներ, ակտիվորեն մասնակցեցին տակտիկական պատրաստականության վարժախաղերին:

Մարիամ Կարապետյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դասավանդում է մասնագիտական հոգեբանություն և հաղորդակցման հմտություններ առարկաները: Համաժողովում ստացած գիտելիքները նա պատրաստվում է կիրառել իր դասախոսությունների ընթացքում, քանի որ համաժողովի բոլոր դասախոսությունները, ըստ նրա, յուրովի հետաքրքիր էին և ուսանելի:

Հարցին, թե դասախոսություններից ստացած ինչ հմտություններ կարելի է առանձնացնել, որոնք առավել անհրաժեշտ են կին ոստիկանին արդյունավետ հաղորդակցվելու համար, Մարիամ Կարապետյանը պատասխանեց՝ դիմացինին հասկանալը, կարեկցանքի ցուցաբերումը և խնդիրներին ու մարդկանց քննադատաբար չվերաբերվելը:

Ըստ մասնակցի՝ համաժողովն ընդհանուր առմամբ միջազգային փորձագետների հետ ծանոթանալու, համագործակցելու և տարբեր երկրների ոստիկանների փորձի փոխանակման հիանալի հնարավորություն էր: