Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր

"ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ"

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

"15" փետրվարի 2003 թ.

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 5 դեկտեմբերի 2002 թվականի N 1914-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 16 հունվարի 2003 թվականի N 111-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն "Ոստիկանությունում ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողի եւ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի: (1-ին կետը փոփ. 22.09.05 թիվ 1552-Ն, 16.08.12 թիվ 1025-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` 1-ամսյա ժամկետում հաստատել ոստիկանության ծառայողի եւ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի չափը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ: (2-րդ կետը փոփ. 22.09.05 թիվ 1552-Ն, 16.08.12 թիվ 1025-Ն որոշումներ)

3. Սույն որոշմամբ սահմանված կարգը ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի համար գործում է 2003 թվականի սեպտեմբերի 1-ից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: (վերնագիրը փոփ. 22.09.05 թիվ 1552-Ն, 16.08.12 թիվ 1025-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հունվարի 16-ի

N 111-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողի եւ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան հաստատություններում կազմակերպված ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը:

(1-ին կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

2. Ոստիկանության ծառայողը եւ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածն ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցում է "Ոստիկանությունում ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում` ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փաստացի ծախսերի գումարի չափով:

(2-րդ կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

3. ՈՒսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի եւ պետական կառավարման լիազոր մարմնի միջեւ կնքվում է պայմանագիր, որում պարտադիր ներառվում են`

ա) "Ոստիկանությունում ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն կարգով նախատեսված այն պայմանները, որոնց դեպքում ուսումնական ծախսերը փոխհատուցվում են,

բ) փոխհատուցման ենթակա գումարները,

գ) փոխհատուցման ժամկետը, որը չի կարող ավելի լինել, քան ուսումնառության կամ վերապատրաստման ժամանակահատվածը,

դ) հետուսումնառության պարտադիր ծառայության սահմանված ժամկետները` համաձայն "Ոստիկանությունում ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված պայմանների,

ե) 18 տարին չլրացած անչափահաս սովորողների ծնողների կամ որդեգրողների եւ հոգաբարձուի պարտականությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1068-րդ հոդվածի,

զ) պայմանագրի գործողության ժամկետը,

է) գումարը չփոխհատուցելու դեպքերը:

(3-րդ կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

4. Ոստիկանությունում ծառայության անցնող այն քաղաքացին, որը պետք է անցնի վերապատրաստում, եւ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդը փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր տեղեկացվում է սույն կարգով նախատեսված ծախսերի փոխհատուցման պայմաններին:

(4-րդ կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

5. ՈՒսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի մասին պայմանագիրը կնքվում է`

ա) ուսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի հետ` մինչեւ համապատասխան փաստաթղթերի ձեւակերպումը,

բ) քննությունները հանձնած եւ մրցույթով անցած դիմորդների հետ` մինչեւ ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց` որպես սովորող հրամանագրումը,

գ) առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների հետ` մինչեւ վերապատրաստում անցնելը:

(5-րդ կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

7. Սույն կարգով նախատեսված դեպքերում պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ վճարվում է պետական կառավարման մարմին, ընդ որում, արտարժույթով կատարված ծախսերը փոխհատուցվում են վճարման օրվա արտարժույթի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:

(7-րդ կետը փոփ. 08.11.07 թիվ 1318-Ն որոշում)

8. ՈՒսումնական հաստատությունից ազատված ոստիկանության ծառայողը, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսուցման փաստացի ժամանակահատվածի համար:

(8-րդ կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

9. Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող կողմ հանդես է գալիս պետական կառավարման մարմինը:

(կարգը խմբ. 22.09.05 թիվ 1552-Ն որոշում)