Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր

ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքում 2011 թվականին կազմավորվեց «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը, որի կառուցվածքային ստորաբաժանումներն են ակադեմիան, քոլեջը և ուսումնական կենտրոնը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետն է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Կիմի Վարյանը: 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում գործում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ և մագիստրատուրա, իրականացվում է հեռակա ուսուցմամբ հետբուհական կրթություն ասպիրանտուրայում, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցում:

ՀՀ ոստիկանության կրթահամալիում պետական պատվերի  շրջանակներում հեռակա ուսուցման ձևով իրականացվող ասպիրանտուրա կարող են դիմել դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող և առնվազն 2 տարի ոստիկանության միջին, ավագ, գլխավոր, բարձրագույն խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողները և ոստիկանության զորքերի զինծառայողները:

Կրթահամալիրն ունի նաև վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետ, որտեղ իրականացվում է ոստիկանության, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների և հատուկ քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների վերապատրաստման գործընթացը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է գիտության տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներով ու գիտնականներով:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը սերտ համագործակցում է ԱՊՀ և Եվրոպայի մի շարք երկրների ոստիկանական ուսումնական հաստատությունների հետ:

 ԱԿԱԴԵՄԻԱ 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում իրականացվում է  բարձրագույն  մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցում:

Կրթահամալիրի ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1. Իրավագիտության ֆակուլտետը,

2. Ոստիկանության զորքերի  հրամանատարական ֆակուլտետը,

3. Հեռակա ուսուցման ֆակուլտետը,

4. Մագիստրատուրայի բաժանմունքը:

Ակադեմիայի կառուցվածքում ընդգրկված են 7 ամբիոններ:

  1. Իրավագիտության ֆակուլտետը իրականացնում է  վճարովի և անվճար հիմունքներով  բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ առկա ուսուցում:

Ուսման տևողությունը 4 տարի է:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի շրջանավարտներին շնորհվում է իրավագետի որակավորում և  տրվում է պետական նմուշի դիպլոմ:

«ՀՀ ոստիկանության ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ակադեմիայի առկա անվճար սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ: Վերջիններս, ուսումն ավարտելուն պես, ստանում են «Ոստիկանության լեյտենանտ» կոչում և նշանակվում ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:

Առկա վճարովի ուսուցման արական սեռի սովորողները չեն օգտվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված տարկետման իրավունքից:

2. Ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետը իրականացնում է  վերապատրաստման դասընթացներ:

3. Հեռակա ուսուցման ֆակուլտետը ոստիկանության ծառայողների համար իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ  «Իրավագիտության բակալավր» որակավորման անվճար ուսուցում:

4. Մագիստրատուրայի բաժանմունքն իրականացնում է  «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով առկա (անվճար) և  հեռակա (անվճար և վճարովի) ուսուցում:

Մագիստրատուրա կարող են դիմել իրավագիտության բակալավրի աստիճան ունեցող անձինք:

Առկա անվճար և հեռակա անվճար ուսուցման ձևով կարող են սովորել միայն ոստիկանության ծառայողները, իսկ հեռակա վճարովի ուսուցման  ձևով կարող են սովորել ինչպես ոստիկանության ծառայողները, այնպես էլ այլ անձինք:

Առկա անվճար ուսուցման տևողությունը 2 տարի է, հեռակա ձևով ուսուցման տևողությունը՝ 2.5 տարի:

Մագիստրատուրայի շրջանավարտներին շնորհվում է  «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագիտության մագիստրոսի» աստիճան և տրվում է պետական նմուշի դիպլոմ:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր